Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«ԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԻՇԽՈՒՄ Է ԱՄԵՆՈՒՐԵՔ

«ԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԻՇԽՈՒՄ Է ԱՄԵՆՈՒՐԵՔ
04.10.2011 | 00:00

Գիտակրթական, մշակութային հիմնարկները, սովորաբար, անվանակոչվում են այնպիսի հայտնի անձանց անուններով, ովքեր տարբեր ժամանակներում կարևորագույն դերակատարություն են ունեցել տվյալ ժողովրդի գիտակրթական, մշակութային, հասարակական-քաղաքական կյանքում, իրենց գործով արժանացել ժողովրդի սիրուն ու գնահատանքին: Ժողովուրդն էլ, ի հարգանք իր արժանավոր զավակների, նաև անվանակոչություններով է փորձել հավերժացնել նրանց հիշատակը:
Բայց արի ու տես, որ մեր օրերում խեղաթյուրվել է և այս գաղափարը, քանզի, օլիգարխիկ մտածողությունը մուտք է գործել և այս ոլորտ. եթե ունես շա՜տ փող և իշխանություն, ուրեմն, երկիրդ սեփական բոստանի տեղ դրած, կարող ես քեզ ամեն ինչ թույլ տալ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն իր ծննդավայր Աբովյան քաղաքին նայում է սեփական բոստանի հոգեբանությամբ, դրա համար էլ Աբովյան քաղաքի կրթական օջախները` դպրոց, մանկապարտեզ, կրում են ոչ թե հայ բանաստեղծների կամ վաստակաշատ մանկավարժների, այլ Ծառուկյանի տան անդամների, մասնավորապես, ԲՀԿ նախագահի ծնողների` տեր և տիկին Ծառուկյանների անունները:
Երբ տեղեկացանք, որ Աբովյան քաղաքում կան Կոլյա և Ռոզա Ծառուկյանների անվան դպրոց-մանկապարտեզներ, առաջին հարցը, որ ծագեց, այն էր` իսկ ովքե՞ր են Կոլյան ու Ռոզան` հայտնի գիտնականնե՞ր, վաստակաշատ մանկավարժնե՞ր, ազգանվեր մշակութային գործիչնե՞ր: Թե՞ ընդամենը շա՜տ հարուստ օլիգարխ որդու ծնողներ լինելը բավարար է հայ ժողովրդի պատմության էջերում` Տերյանների, Թումանյանների ու Խորենացիների կողքին հավերժանալու համար: Պարզվում է, մեր օրերում բավարար է, որովհետև ամենուր գործում է «բոստանային հոգեբանությունը»: Իսկ ԲՀԿ նախագահի նվիրած մի «տելեվիզորի» խաթրին ստրուկ դարձած ժողովուրդը գլխիկոր հանդուրժում է այս զավեշտը:
Հետո էլ ծիծաղում ենք հարևան հանրապետության ֆեոդալիկ նախագահի վրա, որը երկրի բազմաթիվ հաստատություններ անվանակոչել է Ալիևների ընտանիքի կենդանի և մահացած անդամների անուններով։
Ցավալի է, բայց փաստ, որ հայ օլիգարխներն այդպես էլ դուրս չեկան իրենց նեղ անձնական, ֆեոդալիկ շահերի տիրույթից ու շարունակում են մղոններով հեռու մնալ ազգային, համընդհանուր շահերի գիտակցումից:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ